Նախապատմական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ առողջության փոփոխություններ կամ հիվանդություններ առաջանում են զայրացած աստվածների կամ չար ոգիների պատճառով։ Հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ էր խաղաղեցնել աստվածներին կամ դուրս հանել չար ոգիներին։ Այդ աշխատանքը իրենց վրա էին վերցնում բուժակները և ցեղային քրմերը։ Նրանք դա անում էին հմայիլների, դյութաբառերի օգնությամբ։ Կան ապացույցներ նաև վիրաբուժական բուժման գոյության մասին։ Տրեպանացիան (գանգատուփահատում) կատարվում էր քարե գործիքների օգնությամբ՝ հիվանդ մարդու գանգի շրջանաձև բացվածք կատարելով։ Ենթադրվում է, որ դա արվում էր հիվանդություն առաջացրած ոգիներին ազատ արձակելու համար։ Նախապատմական բուժակները նաև հայտնաբերել էին, որ շատ բույսեր կարող են որպես դեղեր կիրառվել։ Համայնքը, որպես ամբողջություն, նույնպես ընդգրկված էր իր մարդկանց առողջության պահպանման հարցում։ Նրանք, ովքեր համարվում էին հիվանդ, խնամվում էին համայնքի կողմից։ Սրա ամենավաղ ապացույցները գտնվել են հին քարի դարի մի քարանձավում՝ Ռիպարո դել Ռոմիոյում, հարավային Իտալիա։ Այնտեղ գտնվել են դեռահաս թզուկի մնացորդներ։ Չնայած իր ծանր առողջական վիճակին, որը պետք է սահմանափակեր նրա որսորդական կամ հավաքչական կարողությունները, նա կարողացել է ապրել 17 տարի։ Նա պետք է որ ստացած լինի համայնքի մնացած անդամների կարեկցանքը իր ամբողջ կյանքի ընթացքում. վերջինս մարմնավորում է տվյալ կրոնական համակարգում առկա միջանձային բարիդրացիական փոխհարաբերությունները։ Թերևս այս համայնքի պես եղել են նաև այլ համայնքներ, որոնք չունենալով կապեր մյուսների հետ, փորձում էին ապահովել իրենց անդամների առողջությունը՝ ապավինելով բուսական ծագման դեղերին և խմբային տարբեր գործողությունների։

Հին Հունաստանում սկիզբ դրվեցին անատոմիայի, ֆիզիոլոգիայի, ախտաբանության գիտական արմատները։ Առաջինը հենց հույները կարողացան տարբերակել հիվանդության արտաքին ու ներքին պատճառները։ Բժշկության կլինիկական սկզբունքների և բժշկական էթիկայի հիմնադրման համար մենք պարտական ենք Հիպոկրատին և նրա հետևորդներին։ Հիպոկրատը (մ.թ.ա. 460-377) իր խառնվածքով մարմնավորում էր գիտնականի և արվեստագետի միասնություն։ Նա հավատացած էր, որ հիվանդությունն առաջանում է, երբ օրգանիզմի չորս հեղուկները՝ արյունը, դեղին լեղին, սև լեղին և լորձը, դուրս են գալիս հավասարակշռությունից։ Նա նաև համոզված էր, որ այս չորս հեղուկներով է պայմանավորված մարդու խառնվածքը՝ ֆլեգմատիկ, սանգվինիկ, խոլերիկ և մելանխոլիկ։ Այս համոզմունքը զուգակցվում է ավելի հին չինական ավանդության հետ, որը հիմնված է Ինի (կանացի սկիզբ) և Յանի (տղամարդկային սկիզբ) միմյանց լրացնող սկզբունքի վրա, որոնց ճիշտ համամասնությունը կարևոր է առողջության համար։ Հիպոկրատի մոտեցումը առողջությանը շատ յուրովի էր։ Նա բուժում էր՝ խորհուրդ տալով շատ առողջարար ֆիզիկական վարժանքներ, հիվանդության ժամանակ հանգիստ և չափավոր, հավասարակշռված սննդակարգ։

Արիստոտելը (Մ.թ.ա. 384-322), փոքր կենդանիներին հերձելով և տալով նրանց ներքին օրգանների անատոմիայի նկարագրությունը, հիմք դրեց մարդու մարմնի հետագա ուսումնասիրություններին։ Նրա համար ամենակարևոր օրգանը սիրտն էր։ Նա հավատացած էր, որ այն ոչ միայն արյունատար համակարգի, այլև հույզերի կենտրոնն է։ Թերևս Արիստոտելի հիմնական ներդրումը եղել է հենց ամբողջությամբ վերցված գիտության մեջ։

Հաջորդ մեծ քայլը կատարեց Գալենը (129-199)` կայսրերի ու գլադիատորների բժիշկը Հին Հռոմում։ Գալենն ընդլայնեց հիպոկրատյան գիտությունները և բժշկագիտության մեջ ներդրեց փորձը` որպես ստույգ գիտելիքների աղբյուր։ Նրա աշխատանքները դարձան անատոմիայի և ֆիզիոլոգիայի հանրագիտարաններ։ Նա ուղեղն էր համարում զգացմունքների և մտքերի կենտրոն։ Նա նկարագրել է զարկերակներն ու երակները. ըստ նրա՝ լյարդը հիմնականում երակային արյան համար է։ Նա անգամ ցույց է տվել նյարդային համակարգի գործունեության մեխանիզմը՝ կատարելով խոզի ողնուղեղի հատումներ տարբեր մակարդակներում և ցուցադրելով մարմնի համապատասխան մասերի պարալիզի զարգացումը։ Ըստ Գալենի՝ մարմնով հոսում է 3 տեսակի արյուն. լյարդից երակներով դուրս է գալիս «բնական ոգին», թոքերից զարկերակներով հոսում է "կենաց ոգին", իսկ "կենդանական ոգին"` ուղեղից։ Սիրտը ընդամենը տաքացնում է արյունը։ Նրա մահից հետո անատոմիական հետազոտությունները դադարեցին և նրա աշխատանքները համարվում էին անսխալական համարյա 1400 տարի։

Միջին դարեր

750-ական թվականներին մուսուլմանական աշխարհում բժշկությունը զարթոնք է ապրում։ Հիպոկրատի և Գալենի աշխատությունների արաբերեն թարգմանությունների հիման վրա մուսուլման բժիշկները կատարում են նշանակալի բժշկագիտական ուսումնասիրություններ։ Հատկապես նշանավոր է հանճարեղ պարսիկ բժիշկ, փիլիսոփա Իբն Սինայի (Ավիցեննա) հինգ մասերից կազմված ‹‹Բժշկության կանոն›› աշխատությունը։ Եվրոպայում Կարլոս Մեծի հրամանով եկեղեցիներին ու վանքերին կից ստեղծվում են հիվանդանոցներ։ Եկեղեցու հիմնադրած կրոնական դպրոցներում ուսուցանվում էր բժշկություն։

Եվրոպական լավագույն համալսարանների բժշկության դպրոցները վաղ 1500-ականներին կատարում են արմատական բարեփոխումներ անատոմիայի` որպես ինտեգրացված բժշկագիտական ուսումնառության անբաժանելի մաս, ուսուցման ոլորտում։ Ի հայտ է գալիս, որ գալենյան անատոմիայում առկա են բազմաթիվ կոպիտ սխալներ, քանզի Գալենի անատոմիական գիտելիքները հիմնված էին շների, խոզերի ու կապիկների դիահերձումների վրա։ Անդրեաս Վեզալիուսի (1514-1564) աշխատանքների շնորհիվ Գալենի սխալները սկսեցին երևան գալ։ Վեզալիուսը Իտալիայի Պադուայի համալսարանի անատոմիայի և վիրաբուժության պրոֆեսոր էր։ Իտալացի բժիշկը իր ամբողջ կյանքը նվիրում է մարդու անատոմիայի ուսումնասիրություններին։ Վեզալիուսը իրականացնում է մի շարք աննախադեպ մանրակրկիտ դիահերձումներ և իր աշխատանքները անմահացնում է De Humani Corporis Fabrica (‹‹Մարդու մարմնի կառուցվածքի մասին››) աշխատության մեջ։


Комментарии

Популярные сообщения из этого блога

BJSHKUTYUN